ՀՀ և ՌԴ նախագահների հայտարարությունները լավատեսական տրամադրության առիթ են տալիս. Հրանտ Մելիք-Շահնազարյան 

Armenpress 13:11, 24 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ և հետո հնչած հայտարարությունները վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։  «Խոսքը վերաբերում է տնտեսական, ռազմական համագործակցությանը և ընդհանրապես տարածաշրջանում քաղաքականություն ձևավորելու հիմնախնդիրներին։ Կարծում եմ երեկվա հանդիպումը այդ հարաբերությունների, մտերմության լավագույն ապացույցներից է»,- նշեց նա, և ընդգծեց, որ երկու երկրների ղեկավարների հայտարարությունները լավատեսական տրամադրությունների առիթ են տալիս։     Նախագահների` ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրադարձի վերաբերյալ քաղաքագետն համոզմունք հայտնեց, որ այդ հարցը չէր կարող շրջանցվել ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպման օրակարգից։ Նրա խոսքով` Հարավային Կովկասում սա հիմնական խնդիրն է։  «Այս հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանային անվտանգությանը։  Ինչ-որ չափով սա ազդում է նաև հարակից տարածաշրջաններում ընթացող գործընթացների վրա։ Հարավային Կովկասում կայունությունը թույլ է տալիս Ռուսաստանին ավելի վստահ զգալ Մերձավոր Արևելքում իր գործողություններում և ավելի ապահով թիկունքով հանդես գալ այնտեղ»,- ասաց քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը։  Նրա կարծիքով՝ քննարկումները չեն վերաբերել լուծումներին, այլ այս պահին հանգիստ իրավիճակ և կայունության կանխատեսելիություն ապահովելու խնդիր կա։  «Ամենայն հավանականությամբ, հենց այս ուղղությամբ են ընթացել քննարկումները, որպեսզի սահմանում իրավիճակը հանգիստ լինի և այս պայթյունավտանգ դրությունը որևէ կերպ հաղթահարվի»,- նկատեց քաղաքագետը։  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 23-ին Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները հանդիպման ընթացքում անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am