ՀՀ ոստիկանությունը Լիտվայի հետ համագործակցությամբ երեք մարզում կանցկացնի «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը

Armenpress 20:57, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրին՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ծառայությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և այդ գործընթացում կարևորելով այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի իրավապահների աջակցությունը, ընդգծեց փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների, միմյանց ձեռքբերումներին ծանոթանալու և դրանք կիրառելու անհրաժեշտությունը: Էրիկաս Պետրիկասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ փոխգործակցությունն ավանդական է ոչ միայն Լիտվայի ու Հայաստանի իրավապահների, այլև երկու ժողովուրդների համար, ինչը հետագա համագործակցության ընդլայնման երաշխիքներից է: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այս տարվա սեպտեմբերի 4-ից 6-ը Լիտվայի ավտոմոբիլային ճանապարհային տնօրինության պատվիրակության՝ Հայաստան կատարվելիք այցի հետ կապված հարցեր, որի շրջանակներում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախատեսվում է Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում անցկացնել «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը: Միջոցառման ընթացքում դպրոցականներին կբաժանվեն ռեֆլեկտոր կապիչներով դպրոցական պայուսակներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող մի շարք այլ հարցեր ևս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am