Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Armenpress 14:38, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Յուրիսանդի Ռիոսին էր: Չալյանը հաղթեց 9:0 հաշվով:

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և 3:1 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Սալեհիզադեի նկատմամբ:

Ավելի վաղ Արթուր Շահինյանը (85 կգ) պարտվել էր 1/16 եզրափակիչում: Նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Բարյակովն էր: Հավասար պայքարում հայ ըմբիշը 1:2 հաշվով զիջել էր մրցակցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am