Արթիկի երկու ավագ դպրոցների միավորման նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն

Armenpress 17:28, 19 Օգոստոս, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության օգոստոսի 17-ի հերթական նիստի ժամանակ հավանության է արժանացրել Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցի լուծարման որոշումը: Ըստ այդ որոշման, դպրոցի տարածքն ու ողջ նյութատեխնիկական բազան անհատույց փոխանցվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների թվի կրճատմամբ. 2016 -2017 ուսումնական տարում դպրոցում սովորել է 141 աշակերտ, իսկ արդեն շրջանավարտների թիվը հանած՝ դպրոցում այս պահին կա 85 աշակերտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արդեն նախկին տնօրեն Կարեն Դարբինյանը, համալսարանի ավագ դպրոցին ու հենակետային վարժարանին միանալը եթե ոչ լավագույն, ապա որոշակի լուծում է:

«Այս գործընթացի արդյունքում թիվ 3 ավագ դպրոցին միանում են համալսարանի ավագ դպրոցն ու հենակետային վարժարանը՝ տեղակայվելով նույն՝ նախկին թիվ 3 ավագ դպրոցի շենքում»,- նշեց Շիրակի մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը՝ փաստելով, որ այս պահին այլ դպրոցների փոփոխության մասին խոսք չկա: «Թե մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ ինչ փոփոխություններ են սպասվում մարզի կրթական ոլորտում, այս պահին դժվար է ասել: Կան նախագծեր, բայց կառավարության որոշում դեռ չկա»,-հավելեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ նախագիծ կա նաև Արթիկի մասով՝ 2 ավագ դպրոցներից թողնել 1 ավագ դպրոց, բայց սա ևս դեռ նախագիծ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am