Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում

Armenpress 16:34, 19 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 21-26-ը կանցկացվի «Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամ» (ԳԿՀԱՀ) ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի համատեղ կազմակերպած առաջին ամառային միջազգային դպրոցը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 21-ին՝ ժամը՝ 9:00 –ին:

 Տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին ամառային դպրոցի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել ոլորտի սփյուռքահայ մասնագետներին՝ դասախոսությունների ու քննարկումների միջոցով երիտասարդ գիտնականներին ու ուսանողներին փոխանցելու մաթեմատիկական ու տեսական ֆիզիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ու գաղափարներ։

Հայաստանում տեսական ֆիզիկայի վերաբերյալ առաջին ամառային միջազգային դպրոց կազմակերպելու գաղափարը պատկանում է ամերիկահայ ֆիզիկոս տեսաբան Վաչե Սահակյանին, ով նաև ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհրդի հիմնադիր անդամներից է։ Համակազմակերպիչներն են ֆիզիկոս տեսաբան պրոֆեսոր Ռուբեն Մինասյանը Ֆրանսիայից, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի  տեսական բաժնի վարիչ ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր Ռուբեն Մանվելյանը և Երևանի պետական համալսարանի  տեսական ֆիզիկայի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանը։

Դասախոսություններով հանդես կգան հայտնի հայ պրոֆեսորներ և գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իռլանդիայից և ԱՄՆ-ից։ Մասնակիցների թվում են երիտասարդ տեսաբան ֆիզիկոսներ Հայաստանից և Իրանից, ինչպես նաև ասպիրանտներ Ռուսաստանից, Իտալիայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am