«Armenia uncovered» վավերագրական ֆիլմը ժամանակակից Հայաստանը կբացահայտի օտարազգիներին

Armenpress 15:01, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armenia uncovered» վավերագրական ֆիլմը կներկայացնի Հայաստանը օտարազգիներին: Ֆիլմի ստեղծման գործընթացում ընդգրկված են հայ մշակութային գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «The beautifies project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանն ասաց, որ ֆիլմը, հավանաբար, կցուցադրվի որևէ միջազգային հեռուստաընկերությամբ:

«Ֆիլմի ստեղծման նպատակը Հայաստանը, հայերին օտարազգիներին ներկայացնելն է: Շատերի համար Հայաստանը ետխորհրդային երկիր է, որը փորձում է հասնել Եվրոպային: Նրանք ցանկանում են ներկայացնել ժամանակակից Հայաստանը: Ֆիլմում Հայաստանը կներկայացվի որպես շատ հետաքրքիր բազմամշակութային երկիր՝ հարուստ իր բնությամբ, ուտեստներով, որպեսզի գրավի զբոսաշրջիկներին»,-ասաց Անդրե Սիմոնյանն ու հավելեց, որ ֆիլմի վերնագիրն («Armenia uncovered»-«Բացահայտենք Հայաստանը») արդեն իսկ հուշում է, որ Հայաստանը մի գաղտնիք է, որն իրենք ցանկանում են բացահայտել այլազգիների համար:

Նրա խոսքով՝  հեղինակները նկարահանում են երկրի մշակույթի տարբեր բաժիններ՝ խոհարարություն, դերասանություն, երաժշտություն, նորաձևություն…

 Խորովածի միջազգային փառատոնը ևս հետաքրքրել է նկարահանող թիմին, և կինոգործիչները որոշել են նաև այն ընդգրկել: Նկարելու են նաև Խոր Վիրապը, Գառնի-Գեղարդը, տարբեր թանգարաններ, փառատոններ, օրինակ՝  Ավանդական երգի-պարի փառատոնը:

«Ֆիլմը ստեղծող թիմը հավաքվել է տարբեր երկրներից: Թիմում ներառված են ավստրիացի, ամերիկացի, միացել են նաև երևանցիներ: Նրանք փորձում են ամեն օր գնալ 3-4 տեղ՝ նկարել տարբեր երևույթներ»,-ասաց Անդրե Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ փորձելու են ժապավենը ցուցադրել որևէ միջազգային հեռուստաընկերությամբ, որպեսզի հայ մշակույթը մատուցվի այլ ժողովուրդներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am