«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները

Armenpress 11:41, 16 Օգոստոս, 2017

 ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել: Նրանք արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով՝  հրդեհի հետեւանքով տուժել են  հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները: «Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո»,-ասել է Աղասյանը՝ պարզաբանելով, որ  հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն էլ նշել է, որ այս պահին անձրևը դադարել է: «Օդային օպերացիաները և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են: Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով»,-ասել է նա:

 Խոսրովի անտառի արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Հանգցնելու աշխատանքների մեջ ներգրավված են բնապահպաններ, Զինված ուժերի ներկայացուցիչներ, ՌԴ ԱԻՆ մասնագետներ, ինչպես նաև տեղի բնակչությունը: ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am