Հրդեհից հոսանքազրկված Արտավան գյուղում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է

Armenpress 12:28, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում հոսանքի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտավան համայնքի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը: Գյուղը հոսանքազրկվել էր մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով:

«Իրավիճակը երեկվանից բավական փոխվել է, անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են: Հիմա կրակ կարծես թե չկա, միայն ծխացող հատված է մնացել, այն էլ ոչ մեծ տարածք է»,-ասաց Ատոմ Վարդանյանը:

Անդրադառնալով հրդեհի հետևանքով գյուղին հասցրած վնասի հարցին` Ատոմ Վարդանյանը նշեց, որ էական վնաս չի եղել: Միայն գյուղից ոչ հեռու գյուղացիները խոտ էին հավաքել, այդ մասում 200-300 տուկ խոտ է այրվել:

Համայնքի ղեկավարը նշեց, որ ներկայում էլ անհրաժեշտ գերատեսչությունների ներկայացուցիչները, մասնագետները տեղում են, շարունակում են աշխատել:

Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախներն օգոստոսի 12-ին միայն հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը: Տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am