Հայաստանն ունի երկրի բարօրությանն ուղղված նախաձեռնությունների առաջնագծում կանգնած երիտասարդություն. Տարոն Մարգարյան

Armenpress 11:41, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի երիտասարդներ,  սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Գաղտնիք չէ, որ մարդու կյանքի լավագույն տարիները երիտասարդության տարիներն են, որոնք երազանքների, մտքի թռիչքի, նպատակասլացության, նաև խելահեղության, նոր գաղափարների ու գործերի ստեղծման, միաժամանակ նաև փորձությունների միջով անցնելու տարիներ են: Յուրաքանչյուր ոք իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն է կատարում երիտասարդ տարիքում: Եվ շատ կարևոր է, որ այդ ընտրությունը լինի գիտակցված և հոգեհարազատ, որպեսզի ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն նաև երկրին, նրա զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը:  Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր երկիրն այսօր ունի այնպիսի երիտասարդություն, որն իր անսպառ եռանդով ու ավյունով կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավեր:  Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և բոլոր նպատակների իրականացում: Վստա՛հ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի և ի բարօրություն քաղաքամայր Երևանի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am