Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28 տոկոսով

Armenpress 10:52, 7 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1 միլիոն 373 հազար 856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, 2017 թվականի հուլիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 270 751 մարդ՝ 19 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-հուլիսին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 24,7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 12 708 տոննա ապրանք, որը 59,7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2017 թվականի հուլիսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9098 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15063 տոկոսով: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիսին ուղևորահոսքը 526.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:  «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am