Ծովինարում բարեգործական առաքելություն են իրականացնում ամերիկահայ երիտասարդները

Armenpress 21:29, 27 Հուլիս, 2017

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթվա սկզբից բարեգործական նպատակներով Ծովինար համայնք են ժամանել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի հայ երիտասարդաց միության անդամները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը, այս շաբաթվա ընթացքում ամերիկահայ երիտասարդները բարեկարգել են Ծովինարի կիրակնօրյա դպրոցի բակը, ներկել խաղահրապարակի կարուսելները: Նրանց համար անչափ հետաքրքիր էր նաեւ ծանոթանալ գյուղական կյանքին, ապրել նրա առօրյայով:« Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի հայ երիտասարդաց միության անդամները «Սիմա» ծրագրի շրջանակներում հուլիսի ամսին այցելեցին Հայաստան, ծանոթացան Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային արժեքներին, հայկական գյուղի նիստ ու կացին: Մեկամսյա այցի 1 շաբաթը այս անգամ խմբի անդամներն անցկացրին Ծովինար համայնքում»,-տեղեկացրեց Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը:

Խմբի 12 երիտասարդներին են այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Խմբի ղեկավար Տեր-Գրիգոր քահանա Զաքարյանը հյուրերին պատմել է իրականացված աշխատանքների եւ ընդհանուր տպավորությունների մասին:«Մոտիկից շփվելով մեր հայրենակիցների հետ, ծանոթանալով Հայաստանի բնակավայրերին ու պատմությանը՝ մեր երիտասարդները իրենց հայրենասիրական տպավորությունները սիրով կփոխանցեն ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին, կձգտեն ավելի հաճախ լինել Հայաստանում»,-կարծիք է հայտնել Տեր- Գրիգոր քահանա Զաքարյանը:

Մարզպետ Կարեն Բոթոյանը ողջունել է ԱՄՆ-ից մարզ ժամանած երիտասարդներին եւ հավաստիացրել, որ Գեղարքունիքի մարզը պատրաստ է ամեն տարի ընդունել սփյուռքահայ երիտասարդների խմբին եւ աջակցել նրանց: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր -Կիրակոս վարդապետ Դավթյանն էլ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ տարբեր նահանգներում ծնված այս երիտասարդները հայրենիքի մասին տպավորություններով կվարակեն իրենց հայրենակիցներին, իսկ նման նախաձեռնություններն իրենց նպաստը կբերեն Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդմանն ու խորացմանը:

ԱՄՆ Արեւմտյան թեմի հայ երիտասարդաց միության անդամներն այս տարի բարեգործական ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն են ցուցաբերել նաեւ Ճամբարակի կիրակնօրյա դպրոցին՝ տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար: Ամերիկահայ երիտասարդները Հայաստանում իրենց առաքելությունը կավարտեն հուլիսի վերջին:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am