Սիրիահայ գործարարներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Armenpress 16:52, 26 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 26-ին ընդունեց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Քիվոյին և կազմակերպության անդամ Հրայր Մկրտչյանին:

Սիրիահայ գործարարների պատվիրակությունը « Համաշխարհային բանկ»-ի խմբի և Գերմանական «GIZ» կազմակերպության  աջակցությամբ վերջերս մասնակցել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված  «Սիրիական միջազգային գործարար ընկերակցության» անդրանիկ համաժողովին: Ներսես Քիվոն ներկայացրեց իր տպավորությունները համաժողովից, անդրադարձավ արդյունքներին և հեռանկարներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց գործարարների պատրաստակամությունը՝ ներդնել իրենց հնարավորությունները Հայաստանում՝ մասնակցելով Հայրենիքի զարգացման գործընթացին: Քննարկվեցին գործարարական ծրագրերի իրագործման հետ կապված այլ հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաև «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանն ու խնդիրներին: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am