Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

Armenpress 11:03, 26 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ: Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:

Կառավարության ղեկավարը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, ծանոթացել հավաքածուներին և ցուցադրություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանը և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am