ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն առաջնագծում ԱԹՍ չի կիրառել

Armenpress 16:11, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմի հարվածից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասվում է Արցախի ՊԲ հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am