Երևանի քաղաքապետարանը կաջակցի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող սիրիահայ ընտանիքներին

Armenpress 16:58, 24 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին և նրանց կողմից բարձրացվող խնդիրների արագ կարգավորմանը: Առանձնակի ընդգծելով սիրիահայերի արագ ինտեգրման կարևորությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել սիրիահայերի խնդիրների կարգավորումն ու անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվել փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքների խնդիրների կարգավորումը շարունակելու է մնալ մեր մշտական ուշադրության կենտրոնում, և տարեկան ծրագրով նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ: Սրան զուգահեռ, մեր լիազորությունների շրջանակում, նաև համապատասխան աջակցություն ցուցաբերեք այն սիրիահայերին, ովքեր ցանկություն ունեն զբավել փոքր ձեռնարկատիրությամբ՝ իրենց ուրույն մասնակցությունն ունենալով մեր քաղաքի զարգացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am