Եգիպտոսում գրեթե 600 մարդ համաներում է  ստացել Հեղափոխության օրվա առթիվ

Armenpress 18:01, 23 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի բանտերում պահվող գրեթե 600 մարդ հուլիսի 23-ին ազատ են արձակվել երկրի նախագահի հայտարարած համաներումով, որը հայտարարվել է ազգային տոնի՝ 1952 թվականի հուլիսի 23-ի Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ՆԳՆ ուղղիչ հաստատությունների վերահսկողության վարչության ներկայացուցիչը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նրա խոսքով՝  «ընդհանուր առմամբ Հեղափոխության օրվա կապակցությամբ համաներումով բանտերից ազատ է արձակվել 596 մարդ»։ Նա պարզաբանել է, որ հատուկ հանձնաժողովներն ստուգել են բոլոր կալանավորների գործերը, որոնց վրա տարածվում էր նախագահի հրամանագիրը։

Համաներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք կալավորվել են ծանր քրեական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների գործունեության հետ կապված գործողությունների համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am