Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Armenpress 15:47, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես երեխաների հիմնախնդիրներին, շարունակական կլինեն եւ կնպաստեն երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տանյա Ռադոչայը կարեւորել է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը, որը միտված է պաշտպանելու երեխաների` ընտանեկան միջավայրում մեծանալու եւ որակյալ կրթություն ստանալու իրավունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արատներով ծնված երեխաների խնդիրներին, որդեգրման ու խնամակալության հարցերին, խոցելի եւ ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության հարցում առկա բացերին:

Արա Բաբլոյանն ու Տանյա Ռադոչայը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ոլորտի վիճահարույց հարցերը վեր հանելու նպատակով ընդլայնված քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am