Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ. Իրաքի փոխնախագահ

Armenpress 13:01, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ, անգամ եթե հանրաքվեն կայանա, այդ տարածքը չի կարող առանձնանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիքին:

«Թե՛ օրենքի, թե՛ սահմանադրության տեսանկյունից Քուրդիստանը չի կարող դառնալ առանձին պետություն: Քրդերը որոշել են իրենց ճակատագիրը, երբ քվեարկում էին սահմանադրության օգտին և որոշում, որ Իրաքը դաշնային պետություն է: Նրանք իրավունք չունեն ամեն օր ընտրել իրենց ճակատագիրը: Գուցե անկախության հանրաքվեն կայանա, սակայն Քուրդիստանը չի կարող առանձնանալ»,- հայտարարել է ալ-Մալիքին:

Իրաքյան Քուրդիստանն Իրաքի հյուսիսում գտնվող ինքնավարություն է, որի կարգավիճակն ամրագրված է 2005 թվականի սահմանադրության մեջ: Սակայն քրդական իշխանությունները բազմիցս բարձրացրել են անկախության հարցը: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը 2017 թվականի հունիսին հայտարարել է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am