Համահոմենթմենական խաղերը հայրենիք են բերել շուրջ 1200 մարզիկների

Armenpress 12:40, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահոմենթմենական 10-րդ մարզախաղերը հայրենիք է բերել մոտ 1200-ից ավել մասնակիցների, իսկ խաղերը նվիրված են Հոմենթմենի 100-ամյակին:

«Խաղերը որպես այդպիսին հուլիսի 21-ի առավոտից մեկնարկել են: Սա երրորդ անգամն է, որ ՀՄԸՄ խաղերն անցկացնում են Հայաստանում, սակայն այս տարին հոբելյանական է, քանի որ ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերն են: Այս խաղերը նվիրված են հոմենթմենի100-ամյակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՄԸՄ Կենտրոնական հանձնախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը:

Կազմկոմիտեի անդամ, Հ.Մ.Ը.Մ. ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում խաղերի անցկացումը մեծ խորհուրդ ունի: «Անկախացումից հետո բոլոր համահայկական կառույցները միջոցառումները փորձում են անցկացնել հայրենիքում»,-շեշտեց Հակոբյանը:

ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերին մասնակցում են 19 երկրից և 21 շրջաններից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Հ.Մ.Ը.Մ.  խաղերի մասնակիցները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ: Մարզախաղերը կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am