Էրդողանն ու Յըլդըրըմն անակնկալ հանդիպում են ունեցել. կառավարությունում հնարավոր են փոփոխություններ

Armenpress 13:45, 19 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին նախագահական նստավայրում ընդունել է վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ անակնկալ այցի ընթացքում հնարավոր է քննարկվի նախարարական կաբինետում նոր փոփոխություններ անելու հարցը: Ակնկալվում է 3-5 նախարարի փոփոխություն:

Նախարարների փոփոխության մասին խոսակցություններ սկսվեցին Էրդողանի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո:

Ըստ կուլիսներում շրջանառվող լուրերի` նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի պաշտոնում` փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին: Տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի փոխարեն այդ պաշտոնում կարող է նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով Էրդողանի փեսան է: ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, պահելով իրենց պաշտոնները, միևնույն ժամանակ կարող են նշանակվել փոխվարչապետերի պաշտոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am