Հայ պատանիներն ԱՄՆ-ում ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ են շահել

Armenpress 12:25, 19 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ռոբոտաշինության միջազգային օլիմպիական FIRST Global խաղերում Հայաստանը ներկայացնող թիմը զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերին մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրից: Հայաստանը ներկայացնում էին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները:

Այս տարի խաղերի մասնակիցներին առաջադրանք էր տրված նախագծել իրենց ռոբոտին, որը կկարողանա իրականացնել մի շարք ինժեներական խնդիրներ՝ կապված «մաքուր ջրի հասանելիություն ունենալու» հետ, ինչպես նաև կկարողանա համագործակցել ռոբոտների միջազգային դաշինքների հետ:

Հայաստանի մասնակիցները զիջեցին միայն Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։ Թիմի անդամներն են 14-18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։ Հաղթանակած թիմը Երևան է ժամանելու հուլիսի 21-ին ժամը 13։45-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am