Հայաստանը կունենա «Սլավյանսկի բազար» երգի մանկական մրցույթի ներկայացուցչություն

Armenpress 17:15, 18 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սլավյանսկի բազար 2017»  երգի մանկական մրցույթի ղեկավարության հետ Հայաստանի պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել միջազգային մրցույթի ներկայացուցչություն ունենալու մասին: Հուլիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Սլավյանսկի բազար» մանկական մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը: «Մենք ամեն տարի պետք է անցկացնենք նախընտրական փուլեր, որոնց կարող են մասնակցել այն երեխաները, ովքեր պատրաստ են հաղթահարել դրանք և ներկայացնել Հայաստանը մրցույթում»,-«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ ասաց Կիրակոսյանը:

«Սլավյանսկի բազար» երգի մանկական  մրցույթում հաղթած Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանի պրոդյուսեր Մհեր Մեսրոպյանը տպավորվել է մրցույթի կազմակերպչական բարձր մակարդակով: «Այս մրցույթը արդեն 15-րդ տարին է, ինչ անցկացվում է, և կազմակերպչական միջոցները, բեմի ձևավորումը, հաղորդավարների պրոֆեսիոնալիզմը բավական բարձր մակարդակի վրա էին»,- նշեց նա:

Մրցույթի հաղթող Էրիկ Մկրտչյանը, խոսելով իր տպավորությունների մասին, ասաց, որ հպարտության զգացում է ունեցել, երբ իրեն հանձնել են մրցանակը: Նա հավելեց, որ մրցույթի ընթացքում դժվարություններ չի ունեցել: «Դժվարություններ այդքան էլ չեմ ունեցել, միայն լարվածություն կար, որը շուտ հաղթահարել եմ»,- ընդգծեց նա:

«Սլավյանսկի բազար 2017» մանկական երգի մրցույթին մասնակցել է 22 երկիր: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանը: Մրցույթի ժյուրիի կազմը գլխավորել է ռուս երգչուհի Վարվառան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am