Լիբանանից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբը տպավորված է հայկական հյուրասիրությամբ

Armenpress 16:27, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբը տպավորված է հայկական հյուրասիրությամբ և ընդունելությամբ: Նրանց ճանապարհորդությունը շարունակվում է, 7-օրյա այցի ընթացքում կլինեն Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Խոր Վիրապում ու կբացահայտեն Հայաստանն իր ողջ ներկապնակով:

ՀՀ  զբոսաշրջության պետական կոմիտեն ամիսներ առաջ նամակ է ստանում, որտեղ լիբանանյան մի ընկերություն ծրագրում է հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբ բերել Հայաստան, որպեսզի վերջիններս սեփական փորձով բացահայտեն Հայաստանը և խնդրում են կոմիտեից աջակցություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կոմիտեն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանին հյուրերին հարմարավետ տրանսպորտ տրամադրելու համար։

38 հոգուց բաղկացած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբը հիացած է հայկական ընդունելությամբ։ Կոմիտեն որոշեց անձամբ հանդիպել և շփվել հյուրերի հետ:

Նրանք շատ տպավորված էին, հյուրերն ընդգծել են տեղի հայերի ուշադրությունը, հոգատարությունը: Զբոսաշրջիկներից ոմանք հետաքրքրված են հայկական կոնյակով և գինիով: Անհամբերությամբ սպասում են այցելությանն Արարատ կոնյակի գործարան: Հյուրերը ընդգծել են նաև Հայաստանում անվտանգության հարցը` ասելով, որ իրենց շատ ապահով են զգում:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am