Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանություն և ուղերձ հղել Էմանուել Մակրոնին

Armenpress 12:10, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 14-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: 

Այցի պատեհ առիթով ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ: Հանրապետության Նախագահը դեսպան Շարպանտիեին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին: 

Նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու և խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարևորել սերտ փոխգործակցությունը նաև Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: 

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար:  Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։  Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության: Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,-ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am