Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան

Armenpress 10:49, 12 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն) նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

***

Ծնվել է 1959թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում: 1986թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: Մինչեւ 1990թ. Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երեւանի գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ)  աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող: 1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը: 1990-1991թթ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական: 1991թ. ՀՀ ԳԽ նախագահության եւ Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով): 1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: 1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: 1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար: 1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 2000-2002թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:  2001-2004թթ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ եւ թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):  2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը կատարել է Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծություն: 2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am