Դիմացինի վրա ցեխ շպրտելով ձեր քաղաքական կշիռը չի ավելանում. Շարմազանովի պատասխանն ընդդիմադիրներին

Armenpress 14:55, 10 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին ընտրական գործընթացներում ապահովել է լիարժեք թափանցիկություն և լավ է կատարել իրեն վերապահված լիազորությունները: Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնանական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին և հիշեցրեց, որ ընտրություններից հետո դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների, ինչպես նաև ընտրությունների արդյունքներով խորհրդարանում մանդատներ ստացած քաղաքական ուժերի գնահատականներից կարելի է արձանագրել, որ ԿԸՀ-ն լավ է կատարել իր պարտականությունները:

«Հանձնաժողովն, ըստ իս, ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի դիմում, որին չարձագանքի: Յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ գնահատական տալիս են արդյունքներով:  Եղել են միջազգային դիտորդական առաքելություններ, որ տվել են եզրակացություններ, օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ասում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, մյուսներն էլ են վկայել, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական: Իսկ այստեղ լսում ենք խայտառակ ընտրախախտումների մասին ելույթներ, բայց ապրիլից հետո ես նման բան չեմ լսել ոչ «Ելք»-ից, ոչ «Ծառուկյան» դաշինքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը հավելեց, որ ԿԸՀ-ն լավ է կազմակերպել նաև Երևանի ավագանու վերջին ընտրությունները: Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրություններում ևս բոլոր տեղամասերից ուղիղ հեռարձակում է ապահովել, ինչի պարտավորությունն ամենևին չուներ:

Անդրադառնալով ԿԸՀ գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ընդդիմադիր որոշ պատգամավորների քննադատական ելույթներին՝ Շարմազանովն ընդգծեց, որ այդ ելույթներում ինքն ավելի շատ տեսնում է ընդդիմադիր երևալու մրցավազք: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը, դրսևորելով քաղաքական կամք, գնաց ընտրական գործընթացների ու Ընտրական օրենսգրքի փոփոխության: «Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռն ամենևին չի ավելանում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am