«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ փուլում մրցելու է 20 դաշնակահար

Armenpress 17:25, 8 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները հայտնի են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրորդ փուլ են անցել 20 դաշնակահար, ովքեր ներկայացնում են Ֆրանսիան, Լեհաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Հայաստանը։ Նրանք հուլիսի 10-ից հանդես կգան մրցույթի երկրորդ փուլում և կպայքարեն մրցանակային տեղերի համար։

Ժյուրիի նախագահ, դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը նկատում է, որ առաջին փուլի չորս օրերի լսումները շատ հետաքրքիր են անցել:

«Կան բավականին լուրջ մակարդակի դաշնակահարներ, ովքեր ներկայացնում են տարբեր դպրոցներ։ Ծրագիրը ազատ է, փաստորեն մասնակիցները մինիմենահամերգ են ներկայացնում, որի ընթացքում մենք կարողանում ենք տեսնել նաև, թե ինչպես է երաժիշտը կառուցում համերգային ծրագիրը»,- նշել է նա։

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների «Հնչում է Երևանը» 10-րդ՝ հոբելյանական մրցույթ-փառատոնի «Մենակատարներ» անվանակարգում լավագույնը ճանաչված սաների և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը: 

Երեկոյի մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 225 պատանիներից կազմված նվագախմբի և երգչախմբի ելույթներով: Այնուհետև լավագույն պատանի մենակատարները հանդես են եկել Երիտասարդական նվագախմբի հետ։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am