Բակո Սահակյանը շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին 80-ամյակի կապակցությամբ

Armenpress 10:43, 6 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Թանկագին բարոնուհի Քոքս,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ փառապանծ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Դուք միշտ եղել եք հայ ժողովրդի կողքին, կիսել նրա ցավն ու տառապանքը, ըստ ամենայնի սատարել հանուն ազատության ու անկախության մեր արդար պայքարին, Ձեր ձայնը բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման ու բռնությունների դեմ: Ձեր միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ ճանաչել են Արցախը, ճշմարտացի տեղեկություններ ստացել մեր հիմնախնդրի մասին:

Ձեր ապրած կյանքն ու ողջ գործունեությունը մարդասիրության լավագույն դրսեւորումներից են եւ արժանի են ամենաբարձր գնահատանքի:

Շնորհակալություն Ձեզ՝ համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին Ձեր հավատարմության ու նվիրվածության, Ձեր երկարամյա սկզբունքային ու հետեւողական աշխատանքի, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի եւ ջերմ բարեկամության համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am