Հայաստանում ստեղծվելու է թվային օրակարգի զարգացման քաղաքականությունն իրականացնող կենտրոն

Armenpress 09:53, 6 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ թվային օրակարգի մշակման և իրագործման ծրագրին և տվեց հանձնարարական: Վարչապետը նշեց, որ կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ՝ հստակ ժամկետներով, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունմամբ:

«Թվային օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը: Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և առկա զարգացումները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ պետական կառավարման և ՏԻՄ-երի էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի վերաբերյալ, ներառելով դրա կազմակերպչական իրավական ձևը և համապատասխան իրավական ակտի նախագիծը:

«Թվային օրակարգի ուղղությամբ պետք է ունենանք մի կենտրոն, որը պետք է կանոնակարգի ամբողջ քաղաքականությունը»,- ասաց վարչապետը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am