ՀՀ պետական բյուջեում բնապահպանական և բնօգտագործման վճարներից ստացված եկամուտներն աճել են 69.9 տոկոսով

Armenpress 18:06, 5 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսին մուտքագրվել են շուրջ 19.2 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 4.2 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 69.9 տոկոսով կամ 7.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի աճով, որը կազմել է շուրջ 15.2 մլրդ դրամ և 84.5%-ով կամ 6.9 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 6.9 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.5%-ը և 18.1%-ով կամ շուրջ 1.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում 5.8 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.3%‑ը և 17.9%‑ով կամ 884.1 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am