Ֆրանսուհի մասնագետը վարպետության դաս անցկացրեց հայ գրադարանավարների համար

Armenpress 16:04, 5 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը նոր գաղափարներներով կհարստացնի Հայաստանի գրադարանավարներին: Այն մեկնարկեց հուլիսի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Դասընթացը կտևի մինչև հուլիսի 7-ը. կվարի Լիոնի (Ֆրանսիա) քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վիոլին Կանմաչերը:

«Տասներկու տարի աշխատել եմ գրադարանում, և ինձ միշտ հուզել է երեխաներին գրական մշակույթին մոտեցնելու հարցը: Այդ գործում շատ եմ կարևորում խաղի մեթոդը: Օրինակ` մենք հաճախ ծրարների մեջ ենք դնում գրքերը, ծրարի վրա մի քանի բառ գրում, որոնք անպայման շարժում են երեխայի հետաքրքրությունը: Դա նպաստում է, որ նա կարդա գիրքը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վիոլին Կանմաչերը:

Նա ընդգծեց, որ կարևոր է երեխաների միջև տարբեր հանդիպումներ կազմակերպել, որոնց ընթացքում նրանք պատմում են իրենց կարդացած գրքերի մասին և  քննարկում դրանք:

Կանմաչերը Ֆրանսիայի տարածքում հաճախ է վարպետության դասեր կազմակերպում, աշխատում է նաև օտար գրադարանավարների հետ, որոնք ժամանում են Լիոն: Աշնանը նա մեկնելու է Դանիա և Շվեդիա տեղի գրադարանավարների հետ համագործակցելու նպատակով:

Վարպետության դասն անցկացվեց IBBY Հայաստան ՀԿ-ն (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Հայկական գրադարանային ասոցիացիայի հետ համատեղ:

Խնկո Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով` Հայաստանը հինգ տարի է անդամակցում է IBBY-ին:

«IBBY-ի օժանդակությամբ վարպետության դասեր ենք կազմակերպել գրողների, թարգմանիչների,  նկարիչների համար: Այս տարի անդրադարձանք գրադարանավարներին: Դասընթացին քսան գրադարանավար է ներգրավված. տասը մարզային գրադարանների ներկայացուցիչներ են, տասը` Երևանի համայնքային, քաղաքային գրադարանների աշխատակիցներ»,-ասաց նա և հավելեց, որ դասընթացը փորձի փոխանակման հիանալի միջոց է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am