Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հերթական փոխհատուցումն է տրամադրել

Armenpress 18:05, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 29-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հիմնադրամի հրապարակած տվյալները, այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

Կարեն Դանիելյանը զոհվել էր մայիսի 20-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմնադրամն առավել շատ նվիրաբերություններ է ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ):

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 2 մլրդ 248 մլն 627 հազար 247 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 151 մլն 800 հազար դրամ:

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 20-ին որոշում էր կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 հազար և 150 հազար ՀՀ դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 11 զոհված զինծառայողի   ընտանիքներին փոխհատուցում էր տրամադրել: Միանվագ 10-ական միլիոն դրամ էր   տրամադրվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից  սահմանին զոհված   զինծառայողների ընտանիքներին: Ժամկետային զինծառայողներ շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի, Անդրանիկ Մուսիկյանի,  Գոռ Գարեգինյանի,  Արտակ Ռաֆայելյանի, Նարեկ Հարությունյանի  ընտանիքներին  ամսական կտրամադրվի 200-հազարական  դրամ՝ 20 տարվա ընթացքում, պայմանագրային  զինծառայողներ  Կարեն  Ուլուբաբյանի, Արայիկ Սարգսյանի  ընտանիքներին՝ 250-հազարական   դրամ, փոխգնդապետ Գեղամ  Մանուկյանի,  մայոր Նվեր Բաբաջանյանի,  ավագ  լեյտենանտ Գոռ Հովհաննիսյանի ընտանիքներին՝ 300-հազարական դրամ:

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ 1-ին խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող,  շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանին:  Նրան կփոխանցվի միանվագ 10-ական  միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ: 

 

                                                                                                       



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am