ՀՀ ոստիկանապետի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ ՆԳՆ խորհրդի նիստին

Armenpress 20:41, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի Հանրապետության Դուշանբեում հունիսի 28-ին կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստի օրակարգի 1-ին հարցի շուրջ ելույթով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում.- Հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցների Միջպետական ծրագրի նախագծի մասին հարցը,- Միջազգային զանգվածային մարզական և ժամանցային միջոցառումների ժամանակ մարզական թիմերի երկրպագուների ոչ ֆորմալ միավորումների անդամների կողմից հակաիրավական արարքների հակազդման և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների կատարման մասին հարցը,- «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության նախագծի մասին հարցը:Օրակարգի բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը կկայանա 2018 թվականին, Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am