ՀՀ ԱԻՆ-ը մշակում է Տավուշի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և ԱԻ-ներում գործելու պլանները

Armenpress 21:42, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ, Գետահովիտ և Ենոքավան համայնքների ներկայացուցիչների և աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) մարզային թիմի անդամների համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է մեկօրյա սեմինար-քննարկում՝ «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի» փորձնական կիրառումը թեմայով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Այն իրականացվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում։

Այդ համայնքներում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ղեկավարությամբ, իրականացվում է ԱՌՆ և ԱԻ պլանների մշակում և փորձարկում, որոնց ակտիվ ներգրավվածություն ունի նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը։ Համայնքի ԱՌՆ և ԱԻ գործելու պլանները հնարավորություն կտան բացահայտել և նվազեցնել համայնքներին սպառնացող վտանգները, բարձրացնել համայնքի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածությունը, ինչպես նաև՝ կնպաստեն բնակչության ճիշտ գործողությունների կատարելագործմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am