Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Ճամբարակ քաղաքում ծանոթացավ կաթի արտադրամասի եւ տիկնիկային թատրոնի աշխատանքներին

Armenpress 21:32, 27 Հունիս, 2017

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակ քաղաք՝ տեղում ծանոթանալով կաթի արտադրամասի եւ տիկնիկային թատրոնի աշխատանքներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը նախ եղավ Ճամբարակի պանրի եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Ժիրայր Գուլանյան» ձեռնարկությունում:

Ինչպես ներկայացրեց ձեռնարկության աշխատակից Արթուր Լազարյանը, ձեռնարկությունը հիմնվել է 2016 թվականին, սեփականատիրոջ եւ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության համատեղ ներդրումների արդյունքում: Ըստ արտադրության պատասխանատուի՝ Ճամբարակի եւ տարածաշրջանի 7 համայնքների մոտ 100 տնտեսություններից օրական մթերվում է 4 տոննա կաթ, որից 1 տոննան մշակվում է իրենց արտադրամասում, իսկ մնացած 3 տոննան, հնարավորությունների բացակայության պատճառով, հանձնվում է այլ մթերողների: Սեփականատերը համոզված է, որ եթե ՝հնարավորություն լինի արտադրամասն ընդլայնելու, կընդլայնվեն նաեւ արտադրության ծավալները:

«Մեզ հարկավոր է մինչեւ 20 միլիոն դրամի վարկային միջոց, որպեսզի կարողանանք ընդլայնել ինչպես մեր արտադրության տեսականին, այնպես էլ՝ ծավալները: Մտադիր ենք արտադրել գոմեշի մածուն, թթվասեր, պանրի մի քանի տեսակներ: Մեր արտադրանքը հիմնականում սպառում ենք ներքին շուկայում, բայց դրա ծավալների մեծացման դեպքում հարկադրված ենք մտածել նաեւ արտահանման մասին: Ամեն դեպքում, ցանկանում ենք ծավալվել եւ զարգանալ»,-ներկայացրեց Արթուր Լազարյանը:

Մարզպետը ծանոթացավ արտադրությանը, հետաքրքրվեց դրա ընդլայնման հեռանկարներով ներով եւ առկա խնդիրներով: Կարեն Բոթոյանը նշեց, որ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս տեսակետից շատ կարեւոր է Ճամբարակում նման արտադրամասին, առհասարակ փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցություն ցուցաբերելը:

Այնուհետ մարզպետն այցելեց Ճամբարակում գործող «Արեգունի» ՀԿ նախաձեռնությամբ հիմնված «Արեգ» մյուզիքլային տիկնիկային թատրոն, որտեղ դիտեց տիկնիկային ներկայացման համարներից մեկը: Մարզպետը տիկնիկային թատրոնի կազմակերպիչներին խոստացավ՝ աջակցել կազմակերպությանն իր լիազորությունների սահմաններում, որպեսզի այստեղ հաճախող դպրոցահասակները կարողանան բարվոք պայմաններում ստանալ մշակութային դաստիարակություն: Աշխատանքային շրջայցի ավարտին Ճամբարակի քաղաքապետարանում Կարեն Բոթոյանն անցկացրեց խորհրդակցություն տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Համայնքների ղեկավարները մարզպետին ներկայացրին ընթացիկ հարցեր, կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ: Մարզպետը հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում հաճախ է այցելելու համայնքներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու եւ դրանց լուծման տարբերակները քննարկելու նպատակով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am