ԱԶԲ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցելու հեռանկարով

Armenpress 15:08, 24 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հունիսի 23-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ՛Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Շոն Օ՛Սուլիվանը ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԶԲ միջև արդյունավետ համագործակցության և դրա հետագա շարունակականության կարևորությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ ԱԶԲ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է և նշանակալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացներում:

ԱԶԲ-ի կողմից նշվել է, որ բացի Հայաստանի հետ ընթացիկ ծրագրերից ԱԶԲ-ն  հետաքրքրված է առաջիկա տարիներին համագործակցություն սկսելու նաև կրթության և առողջապահության ոլորտներում և առաջիկայում պատրաստ են քննարկումներ սկսել կոնկրետ առաջարկների շուրջ:

Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը և հավելել, որ այդ առումով կարևորվում է նաև միջազգային գործընկերների աջակցությամբ մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը:  Նշվել է, որ ԱԶԲ-ի կողմից համապատասխան հետաքրքրվածության դեպքում հայկական կողմը պատրաստակամ է համագործակցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am