Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը

Armenpress 13:51, 24 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է 2017թ. Հայաստանին հատկացվելիք վարկային միջոցների չափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները եկամուտների մոբիլիզացման և ծախսերի արդյունավետության բարձրացման միջոցով շարունակում են իրականացնել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն և հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին:

Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին  կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն  ավարտել է Հայաստանում տնտեսական կատարողականի  վերաբերյալ  հինգերորդ և վերջնական ստուգումը  3-ամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում: Վերանայման գործընթացի ավարտը հնարավորություն է տալիս Հայաստանի  իշխանություններին 21.6 միլիոն դոլարի վարկային միջոցներ ներգրավել: Հիմնադրամը 2014թ. մարտին հաստատել է Հայաստանի հետ «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագիրը (111.57 միլիոն դոլար):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am