Սպիտակ տունը ցանակնում է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճկունությունը

Armenpress 12:43, 24 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ճկունությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սպայսերի խոսքերը՝ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ընթացքում:

«Նախագահի աշխատակազմն անհանգստացած է Կոնգրեսի կողմից սանկցիաների ձևակերպման հարցով, և արդյոք այն իր մեջ գործադիր իշխանության լիազորությունների խափանման հնարավորություն չի պարունակում»,-նկատել է նա:

Այս մասին նախկինում հայտարարել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Երկու պաշտոնյաների կողմից արված հայտարարությունների հիմնական իմաստը կայանում է նրանում, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը չի ցանկանում, որ պատժամիջոցները ամրացվեն և օրենքի ուժ ստանան Կոնգրեսի որոշմամբ, քանի որ դրանում գործադիր իշխանության լիազորությունների կրճատում են տեսնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am