Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է Եվրամիության փորձը

Armenpress 17:56, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 23-ին ընդունեց Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) հարցերով գլխավոր վարչության կենտրոնակայանի Կովկասի և Արևմտյան Բալկանների գծով պատասխանատու Ջակոբո Լոմբարդիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց կառույցների միջև համագործակցության շարունակականության ապահովումն ու ընդլայնումը «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» և «Աղետներին նախապատրաստման և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում: Մասնավորապես ակնկալվում է սերտ համագործակցություն աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում: Նախարար Տոնոյանը շեշտեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրված է աղետների ռիսկի նվազեցման գործընթացը, որը նաև առանձին կետով ներառված է համայնքների բյուջեում:

Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը նախատեսում է հանրային իրազեկման արշավների կազմակերպում հանրության տեղեկացվածության մակարդակի և պատրաստվածության բարձրացման նպատակով: Ուսուցողական տեղեկատվություն պարունակող տվյալների թվայնացում և հարմարեցում մանկապարտեզի և դպրոցական տարիքի երեխաների օգտագործման համար: Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել նաև դպրոցների ուսուցչական կազմի, ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի հետ:

Նախատեսվում է նաև Հայաստանում ներդնել Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման ծրագրի ներդրումը, ինչը նպաստելու է աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և կայուն զարգացման գործընթացների իրականացմանը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am