Հայաստանում կանոնակարգվում է ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Armenpress 16:40, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ ավտոճանապարհներին սահմանված է ավտոտրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածի սահմանափակում, ինչը դեռևս արտացոլված չէ վերը նշված որոշման մեջ:

«Ընդունված նախագծով կանոնակարգվում է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արդյունքում կպահպանվի ավտոճանապարհների ծածկույթը և կնվազեն ճանապարհների վերականգնման ծախսերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարտիրոսյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am