Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է B+ վարկանիշը

Armenpress 12:59, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության բարձր մակարդակը:

Fitch վարկանիշային գործակալության կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա, ինչի հետևանքով բանկի կողմից սահմանափակվել է վարկային պորտֆելի արագ աճը: Այս ամենն իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am