Բելգիացի սենատորը  հանդիպել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

Armenpress 10:02, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Բելգիացի սենատոր Յորիս Պոշետի այցը Արցախի Հանրապետություն: Հունիսի  22-ին ֆլամանդական խորհրդարանի պատգամավորին Շուշիում ընդունել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա,  ողջունելով հյուրին, նշել է, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ առանցքային դերակատարում ունի նաև մշակութային երկխոսությունը: Կարևորելով  եվրոպացի   խորհրդարանականների հետ նման հանդիպումները՝ նախարարը  փաստել է, որ  այդ ձևաչափը ևս նպաստում է աշխարհում Արցախի ճանաչմանը և հավելել, որ նաեւ ճանաչողական այցերի արդյունքում է, որ եվրոպական հանրությանը  հասանելի է դառնում  Արցախի ժողովրդի խոսքը, ստեղծարար  միտքն  ու խաղաղարար ձգտումները:  Նարինե Աղաբալյանը Յորիս Պոշետին ներկայացրել է Արցախի մշակութային կյանքը և փաստել, որ թեև արդեն 25 տարի է արցախցին ապրում է «խաղաղության» մեջ, այդուհանդերձ երբեք չի դադարում լինել ստեղծագործ, ավելին, շարունակում է ընդլայնել  մշակութային կապերը տարբեր երկրների հետ:  Նախարարն անդրադարձել է նաև մշակութային այն ծրագրերին, որոնք իրականացվում են  հատկապես զինծառայողների համար:  Ծրագրեր, որոնք բացի մշակութային դաստիարակությունից փոխանցում են նաև վեհ  արժեքներ, որոնք, ցավոք,  բացակայում են հակառակորդի դեպքում: Որպես  ասվածի ապացույց՝  Յորիս   Պոշետի հետ զրույցում Նարինե Աղաբալյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի անմարդկային   վայրագությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բելգիացի սենատորն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելութան համար և ընդգծել, որ մինչ Արցախ այցելելն իր պատկերացումներն այլ էին, սակայն այսօր դրանք շեշտակի փոխվել են:  

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական  խորհրդարանի անդամ  Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն  կայացել է   ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի   նախաձեռնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am