Լարված պայմաններում ավարտվեց ՊՊԾ գնդի գրավման գործով երկրորդ դատական նիստը

Armenpress 18:46, 21 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  դատավոր Արտյուշ Գաբրիելյանի  նախագահությամբ  մի քանի անգամ ընդիջվելուց հետո լարված մթնոլորտում ավարտվեց  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտյուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի հանդեպ, ով չէր ներկայացել նիստերի դահլիճ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 28-ին:

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում Մուշեղ Շուշանյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալի ցուցումով  չի մասնակցելու դատական նիստերին:

Այսօրվա նիստում դատավոր Արտյուշ Գաբրիելյանը  սանկցիա էր կիրառել վերջինիս պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ,ինչպես նաև ամբաստանյաներ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ՝ 6 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Սանկցիա է կիրառվել նաև պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ, ով չէր ներկայացել դատարան և միայն գրավոր դիմում էր թողել:

Մինչ դատական նիստի մեկնարկը պաշտպանների մի մասը դատարանի շենքի մուտքի մոտ հրաժարվում էին կարգադրիչների կողմից զննության ենթարկվել,ուստի կարգադրիչները  նրանց արգելում էին մուտք գործել դատարան: Այնուամենայնիվ, պաշտպանները կարողացան մուտք գործել դատական նիստերի դահլիճ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am