Ապրիլյան պատերազմում վիրավորված ադրբեջանցի զինվորի եղբայրը բողոքում է իշխանությունների անտարբերությունից

Armenpress 17:35, 21 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի ծանր վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորի եղբայրն իր բողոքն ու զայրույթն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որոնք ոչ միայն իր վիրավոր եղբորը, այլև մյուս զինվորներին անտարբերության են մատնել և խնամազուրկ թողել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo կայքը՝ մեջբերելով վիրավոր զինվորի եղբոր՝ Ռոյալ Շուքյուրովի ֆեյսբուքյան էջի գրառումը, որտեղ նա նշում է.

«Ցավոք սրտի, Ադրբեջանի իշխանությունները կույր են: 2016 թվականի ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած եղբայրս՝ Յաշար Աղաևը մինչև հիմա բուժում չի ստացել: Բժիշկները խոսում են նոր վիրահատության անհրաժեշտության մասին, որը հնարավոր է իրականացնել Թուրքիայում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անտարբերության պատճառով գրեթե բոլոր վիրավոր զինվորները, որոնք դեռևս լուրջ բուժման կարիք ունեն, գտնվում են անօգնական և ծանր վիճակում: Իմ եղբայրն արդեն մեկ տարուց ավելի է ծանր վիճակում հիվանդանոցում է: Ցավալի է, բայց Ադրբեջանի իշխանություններից մենք այլևս ոչ մի հույս չունենք»,- գրում է զինվորի եղբայրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am