Արա Բաբլոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին

Armenpress 19:16, 20 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով Յորիս Պոշետին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ հայ-բելգիական հարաբերությունները տարեցտարի զարգանում են՝ ամրապնդելով երկու ժողովուրդների բարեկամությունը: Անդրադառնալով Հայաստանի եւ Բելգիայի միջեւ առկա հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն, սակայն փոխշահավետ համագործակցությունը ամբողջովին չի դրսեւորվում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը եւ նշել, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբն Ազգային ժողովում գործում է 2000 թվականից, իսկ նորընտիր խորհրդարանում շուտով կձեւավորվի նոր խումբ:

Արա Բաբլոյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւի համար՝ նշելով, որ դրանով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայի հայկական համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ խորացման հարցում՝ նշելով, որ բելգիահայերն իրենց նպաստն ունեն նաեւ Բելգիայի զարգացման գործում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանին հայրենանվեր գործունեության համար:

Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով՝ կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ունենալով որպես ուղենիշ:

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա նշել է, որ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ տպավորված է, որ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, բարոյական կշիռ ունենալով աշխարհում, այսօր պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացման համար: Յորիս Պոշետի խոսքով՝ հայ ժողովրդի անցած ճանապարհը ազդակ է կայանալու եւ պայքարելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am