ՀՀ ԱԺ նախագահը և վարչապետը «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկել են ՀՀ կառավարության ծրագիրը

Armenpress 19:06, 20 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 20-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը, դրա կազմման հարցում գործադրի որդեգրած մոտեցումները եւ փիլիսոփայությունը: Վարչապետի խոսքով՝ փաստաթղթում կառավարությունն իրատեսական եւ գործնական քայլերով ձեւակերպել է առաջիկա 5 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացվելիք քայլերը եւ ուրվագծել թիրախները: Պարոն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունը բաց է արդյունավետ համագործակցության եւ առաջարկների քննարկման հարցում ու կարեւորել է կառուցողական քննադատությունը: ՀՀ վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ ԱԺ վաղվա նիստում կներկայացվի նաեւ նախորդ 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են կառավարության ծրագրի գերակա ուղղություններին, մարզերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերին, գործազրկությանը, աշխատատեղերի ստեղծման հարցում իրականացվելիք քայլերին եւ այլ խնդիրների, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am