Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ

Armenpress 15:28, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Նշանակալի է Ձեր ավանդը հայ ժողովրդական պարարվեստի զարգացման և տարածման գործում: Հավատարիմ մնալով իսկական արվեստագետի կոչմանը՝ տասնամյակների նվիրումով և անխոնջ աշխատանքով Դուք հիմնել եք պարախմբեր, որոնք փայլել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բեմերում: Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր բեմադրությունները հայ ժողովրդական պարի առանձնահատկությունները դրսևորող ինքնատիպ նմուշներ են: Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում մեծ բեմի ուղեգիր են ստացել բազմաթիվ շնորհալի երիտասարդներ»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am