«Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ծրագիրը գրականությունն ավելի մատչելի ու սիրելի են դարձնում երեխաներին

Armenpress 15:07, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան գրքերի փոխանակման ամենամյա ծրագրի նպատակն է գրքերն ավելի մատչելի ու սիրելի դարձնել երեխաներին: Այս տարի ծրագրում ընդգրկված են չորս նոր գրքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեցին «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը, ծրագրի կազմակերպիչներ Մարիաննա Աճեմյանն ու Սոնա Հովհաննիսյանը:

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2014 թվականից  սկսած՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը: Անձը գործընկեր գրախանութից ձեռք է բերում մեկ գիրք, ստանում է քարտ և, ներկայացնելով ցանկացած գործընկեր գրախանութ, հնարավորություն է ստանում փոխանակել գիրքը երեք տասնյակ գրքերից որևէ մեկի հետ: Ցանկացած գրքի համար վճարում են միջինացված գին՝ 2800 դրամ: Ամեն տարի գրքերի ցանկն ավելանում է»,-ասաց Մարիաննա Աճեմյանն ու հավելեց, որ երեք ամսում երեխաները հնարավորություն են ունենում ոչ միայն ընթերցելու գրքեր, այլ նաև մասնակցելու տարբեր միջոցառումների, զարգացնելու իրենց ընթերցանության հմտությունները, շփվելու տարբեր երեխաների հետ:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի մասնակիցների թիվը գերազանցում է 400-ը, իսկ ընդհանուր բազային տվյալներով՝ այդ չորս տարում մասնակիցների թիվը 1000-ից ավելի է եղել: Ծրագիրը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար, որոնք կարող են ընթերցել: Ծրագիրն այս տարի իրականացվում է 24 գործընկեր գրախանութներում:

«Ամառային ընթերցանություն»-ը «Զանգակ»-ի  մշակութային քաղաքականության մի մասն է, մենք առաջարկում ենք զանազան գրքեր՝ և հայ մանկագիրների, և թարգմանական գրականություն:  Առաջարկվող գրքերից են Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը», Մկրտիչ Արմենի «Գույնզգույն  թագավորությունը», թարգմանական «Տապանի մոտ ժամը 8-ին», «Ինչպես ծաղկեց գազարը» և այլ գրքեր»,-ասաց Ալվարդ Ջիվանյանը:

«Ընթերցանության  մակարդակը բավականին լավ կարելի է գնահատել Ճամբարակում, Հրազդանում,  Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում»,-ասաց Սոնա Հովհաննիսյանն ու նշեց, որ շատերը հաջորդ տարի մասնակցում են իրենց ընկերների հետ, այսինքն՝ ծրագիրը տարածում է գտնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am