Նախագահն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող «Սոֆտկոնստրակտ» և «Պիկսարտ» ընկերություններ

Armenpress 16:04, 17 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Սոֆտկոնստրակտ»-ի նորաբաց գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին:

Նախագահին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար ընկերության հիմնանորոգվող 2-րդ մասնաշենքի հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը: Նախագահ Սարգսյանը այցի ընթացքում ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 2203 աշխատակից և 2017 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով:Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ՝ «Պիկսարտ» ընկերության գրասենյակ, որը գործունեություն է ծավալում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: 2011թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Պիկսարտ» ընկերությունը ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում և Երևանում: Ընկերության համահիմնադիրների և ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել «Պիկսարտ» ընկերության հայաստանյան գրասենյակում՝ ծանոթացել հիմնումից ի վեր անցած երեք տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին և նպատակներին, որոնցից «Պիկսարտ»-ում կարևորում են հատկապես արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, այն կխթանի ՀՀ ՏՏ ոլորտի զարգացումն ու կնպաստի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավմանն ու հայկական նոր ստարտափ ընկերությունների ստեղծմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am