Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն. Դավիթ Հարությունյան

Armenpress 12:22, 15 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունում քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը:

«Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս այն պետք է անպայման ուղեկցվի հանրային քննարկմամբ և հրապարակային ներկայացմամբ: Երեկ, օրինակ, հայտնաբերեցի, որ կա մի իրավական ինստիտուտ, որը ստեղծվել է նախորդ տարի և Արփինե Հովհաննիսյանն այն մշակելով շատ կարևոր քայլ է արել, բայց հանրության ամենաշահագրգիռ հատվածը դրա մասին բավարար տեղեկացված չէ: Քայլեր արվե՞լ են՝ այո, բավարա՞ր են՝ ոչ, մենք իրականում միասին պետք է քայլենք այդ ճանապարհով»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների վիճակին, մասնավորապես, գաղութներում փողի համար թղթախաղով զբաղվելու երևույթներին, նախարարն ասաց, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: «Մենք ՔԿՀ-ներում ունենք բազում խնդիրներ և առաջին հերթին պետք է մտածենք պատճառները վերացնելու մասին, որպեսզի հետևանքները վերանան: Արհեստական գործողություններ պետք չեն, թղթախաղը գաղութում արգելված է, սակայն շարունակվում է, ուստի պետք է գտնել դա ծնող պատճառը: Դրա մասին պետք է առաջնահերթ խոսենք»,- ասաց Հարությունյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am